Ազգային գրադարանի նախկին տնօրենի բնակարանը խուզարկել են, իրեն՝ հարցաքննել
Ազգային գրադարանից 2011թ. կատարված գողության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի տանը խուզարկություն է կատարվել։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյան հաստատեց լուրը՝ ասելով, որ խուզարկությունից հետո Դավիթ Սարգսյանին հրավիրել են Կենտրոնի քննչական բաժին և հարցաքննել։
Միլիտոնյանը խուզարկության և հարցաքննության փաստը հիմնավորեց այն հանգամանքով, որ գողության ժամանակ Դավիթ Սարգսյանն է եղել գրադարանի տնօրենը։
Այս պահինն հայտնի չէ, թե նախաքննության ընթացքում գործի հետ կապված ովքեր դեռ կհարցաքննվեն։ Սակայն Սևակ Միլիտոնյանը խոստացավ հետագայում տրամադրել այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը, անդրադառնալով թեմային գրել էր, որ Սարգսյանին արդեն երրորդ անգամ են հարցաքննում։ Թերթը նաև հիշեցնում էր, որ գրադարանի նախկին տնօրենին արգելված է մտնել գրադարան:
Ըստ հարուցված քրեական գործի` Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թթ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր։









