Լուկաշենկոն ասել է, որ «Եվրատեսիլ 2012»-ի բելառուսյան ընտրական փուլի արդյունքները նենգափոխվել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե հաշվի առնելով այն, որ «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի բելառուսյան ընտրական փուլի արդյունքները նենգափոխվել են, ուստի որոշվել է, որ «Եվրատեսիլ 2012»-ին իրենց երկիրը ներկայացնելու է հեռուստամրցույթի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը:
«Ցավալի է, իհարկե, որ նախագահը նման հարցերով է զբաղվում, բայց այս ամենը պետք է արդարությունը վերականգնելու համար,-ասել է Լուկաշենկոն և հավելել,- Ինչպես ինձ հայտնել են իմ հանձնարարությամբ այդ հարցով զբաղվող անձինք, եզրափակչի արդյունքները նենգափոխվել են: Չգիտեմ ` ինչու և ինչպես: Դա մենք դեռ կպարզենք, եթե ոչ այստեղ, ապա քրեական գործի շրջանակում: Որևէ մեկին չենք ներելու»:
Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, փետրվարի 14-ին Բելառուսում տեղի է ունեցել բելառուսական ազգային «Եվրաֆեստ» մրցույթը, որի ժամանակ որոշվել էր, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին Բելառուսը ներկայացնելու է Լանսկայա անունով երգչուհին:
Մրցույթի մասնակիցներից և ժյուրիի անդամներից ոմանք, սակայն, հայտարարել էին, թե մրցույթի արդյունքները նենգափոխվել են: Այդ մասին տեղեկացվել էր նաև Բելառուսի նախագահը:
Այսօր Լուկաշենկոն խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել էին նաև «Եվրաֆեստի» կազմակերպիչները: Խորհրդակցության ավարտին որոշվել էր, որ «Եվրատեսիլին» Լանսկայայի փոխարեն Բելառուսը ներկայացնելու է երկրորդ տեղը զբաղեցրած Litesound խումբը:









