Մաշտոցի պուրակի հարցը լուծված է. Մերուժան Տեր–Գուլանյան (տեսանյութ)
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում գրող, հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարել է, որ ուղիղ եթերի գալուց առաջ զանգահարել է և պարզել, որ քիչ առաջ, տեղի ունեցած քաղաքաշինության նիստում, որին մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, որոշվել է, որ այդ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է կառուցվեն, դա սխալ է։ Տեր–Գուլանյանն ի պաշտպանություն քաղաքապետի, նաև պնդել է, որ Տարոն Մարգարյանը, ում երկրպագուն է ինքը, փայլուն քաղաքապետ կարող է դառնալ. «Նա օրենքով է առաջնորդվել, բայց սխալվել է, շտապել է, սխալ տեղ են ընտրել: Այդ տաղավարներն այդտեղ չպետք է լինեն, դա ընդամենը թյուրիմացություն է: Իսկ բնապահպանները հիանալի գործեր են անում, ապրեն իրենք, բայց այդ երեխաները հանկարծ չհայտնվեն քաղաքական խաղերի մեջ, ափսոս են այդ երեխաները»,- ասել է նա և բնապահպան երիտասարդներին առաջարկել նոր թեմա. «Տարիներ առաջ, խորհրդային շրջանում Սև Սարից և Արմաղանից վիշապաքարերը բերեցին Երևան, դրանք 25-30 հազ տարվա պատմություն ունեն, որոնք Երևանում, այգում դրված որպես նստարան են ծառայում, թող դրան էլ ուշադրություն դարձնեն»,-ասել է նա:
Նույն հաղորդման հյուր, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն էլ պնդել է, որ բնապահպան երիտասարդներն արդեն հայտնվել են քաղաքական խաղերում և իր հերթին բնապահպաններին հուշել, որ Մատենադարանի դիմաց շինարարության արդյունքում, ավելի շատ ծառեր են ջարդվում: Արա Երնջակյանը միևնույն ժամանակ թերահավատություն է հայտնել. «Չեն անդրադառնա այդ թեմային, որովհետև ոչ ոք այդ հրամանն իրենց չի տվել»:









