Անգելա Մերկելին «մարմնավաճառուհի» անվանելու համար հունական ռադիոն տուգանվել է

22:57 • 24.02.12

Հունական Real FM ռադիոակայանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին հնչեցրած անպարկեշտ արտահայտությունների համար տուգանվել է 33 հազար դոլարով, հայտնում է lifenews.ru-ն:

Ռադիոկայանին պատասխանատվության է ենթարկել հունական կառավարությունը` այն հիմքով, որ նրանց հաղորդավարը ուղիղ եթերում Անգելա Մերկելին անվանել է «մարմնավաճառուհի»:

Ընդ որում` նման բան տեղի է ունեցել 2 անգամ` 2011-ի սեպտեմբերին և հոկտեմբերին: Իսկ այդ անհաջող ելույթի հեղինակը 32-ամյա հաղորդավար Գեորգիոս Տրանգասն է:

Իրեն տուգանելու մասին լուրից հետո հաղորդավարը հեռուստատեսությամբ հայտարարել է հետևյալը. «Ես 16 տարեկանից օր ու գիշեր աշխատում եմ: Հապա ինչո՞ւ են հույներին ծույլ ու խաբեբա անվանում»:

Հաղորդավարը կարծիք է հայտնել նաև, թե հույները 2012-ի հրեաներն են:

Չհասկացված հաղորդավարին իր աջակցությունն է հայտնել ուլտրաաջակողմյան ազգայնական մի կազմակերպություն: