Ռուսաստանի ԴԱԾ-ն աշխատակիցներին հանձնարարել է արտասահմանյան սեփականությունից ձերբազատվել
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) աշխատակիցները մինչև 2012թ. դեկտեմբերի 1-ը պետք է ձերբազատվեն իրենց պատկանող արտասահմանյան ունեցվածքից, եթե այն նախատեսված չէ ծառայողական խնդիրների իրականացման համար: Նման հրաման է ստորագրել ՌԴ անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«ԴԱԾ-ի զինծառայողներին և քաղաքացիական աշխատակազմին, որոնք սեփականություն ունեն, որի իրավունքը գրանցված է ՌԴ սահմաններից դուրս, եթե դա պայմանավորված չէ օպերատիվ-ծառայողական գործունեություն խնդիրների իրականացման հետ, նման սեփականության առկայության վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում գրավոր տեսքով զեկուցել ղեկավարությանը», - մեջբերում է հրամանը РИА Новости գործակալությունը:
Դրանից հետո, հրամանի համաձայն, Ռուսաստանի տարածքում աշխատող ФСБ-ի աշխատակիցները պետք է 9 ամսվա ընթացքում այդ սեփականությունից ձերբազատվեն:
Արտասահմանում աշխատողների սեփականությունը օտարման ենթակա չէ, սակայն վերադառնալու դեպքում նրանք նույնպես պետք է ձերբազատվեն սեփականությունից` մեկ տարվա ընթացքում:
Եթե գերատեսչության աշխատակիցը նման սեփականություն որպես ժառանգություն ստանա, պետք է 10 օրվա ընթացքում ղեկավարությանը տեղեկացնի, որից հետո նրան նույնպես մեկ տարի ժամանակ է տրվում արտասահմանյան սեփականության օտարման համար:









