ԱՄՆ-ը համոզվել է, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնու՞յթ է կրում
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան 16 հետախուզական ծառայություններ համատեղ զեկույց են պատրաստել: Ինչպես գրում է The Los Angeles Times-ը, զեկույցի համաձայն` Իրանը միջուկային զենքի մշակման աշխատանքներ չի իրականացնում: Հետախույզների կարծիքով` նման հետազոտությունները դադարեցվել են դեռ 2003թ.-ին:
Փաստաթղթում, միևնույն ժամանակ, նշվել է, որ Թեհրանը մտադիր է հասնել գիտելիքների այնպիսի մակարդակի, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում միջուկային ռումբ ստեղծել:
Իրանցի պաշտոնատար անձինք և կրոնական առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Վերջին նման հայտարարությամբ էր հանդես եկել այաթոլա Ալի Համենեին: Նա հայտարարել էր, որ միջուկային զենք ունենալը «մեծ մեղք» է: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Իրանը, «չնայած պատժամիջոցներին, ճնշումներին ու սպառնալիքներին», կշարունակի այս ոլորտում գիտական հետազոտությունները:
Չնայած այս ամենին, Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է` «իրանական ատոմային հետազոտությունները պետք է կանգնեցվեն ցանկացած գնով»: Հրեական պետության ղեկավարությունը հայտարարել է, որ եթե դիվանագիտական ճնշումներն ու պատժամիջոցները չկանգնեցնեն Թեհրանին, ապա միակ ելքը կլինի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը:
Հիշեցնենք, որ Իրան այցելած` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներին թույլ չէին տվել այցելել Պարչինի ռազմական օբյեկտ: Այսօր փորձագետների այցի արդյունքների մասին զեկույցը կներկայացվի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհրդին:









