Իրանում կախաղան են բարձրացնելու իսլամից հրաժարված քրիստոնյա հոգևոր հովվի

11:37 • 24.02.12

ԱՄՆ-ը քննադատել է իրանական դատարանի վճիռը, որով մահվան է դատապարտվել քրիստոնեություն ընդունած մի քաղաքացու: Նա մեղադրվում էր հավատափոպության մեջ, ինչի համար հարևան իսլամական հանրապետություն ամենախիստ պատիժն է նախատեսված:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ` Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Յուսեֆ Նադարխանիի նկատմամբ որոշումն Իրանի ստանձնած միջազգային պարտավորությունների, սեփական օրենսդրության ու հայտարարված կրոնական արժեքների հերթական «ցնցող խախտումն» է: Իրանական Rahsa News կայքէջի համաձայն` Նադարխանին կարող է «կախաղան բարձրացվել ցանկացած պահի»:

Նադարխանին իսլամից հրաժարվել ու քրիստոնեություն է ընդունել երիտասարդ տարիքում: Նա Ռաշտ քաղաքի եկեղեցու հոգևոր հովիվն էր: 2009 թ.-ին նրան ձերբակալել են իսլամից հրաժարվելու մեղադրանքով, իսկ նախորդ տարի նա դատապարտել է մահապատժի:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ քրիստոնեություն ընդունած տղամարդու նկատմամբ դատական գործընթացը և կայացված դատավճիռը ցույց են տալիս, որ իրանական իշխանությունները «շարունակում են խախտել իրենց քաղաքացիների իրավունքները»:

ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասնել Թեհրանի կողմից հոգևոր հովվի անհապաղ ազատ արձակմանը: