Հայաստանն արևմտյան քաղաքակրթության աղբյուրներից մեկն է եղել. Րաֆֆի Հովհաննիսյան

21:49 • 24.02.12

Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ` դիտորդի կարգավիճակով անդամակցելը «Ժառանգություն» կուսակցության համար ոչ միայն գնահատականն է կուսակցության անցած ուղու և արժեհամակարգի, այլև հանձնառության շարունակություն է` կուսակիցների հետ քայլել դեպի Եվրոպա:

Այս մասին այսօր «Ժառանգության» կազմակերպած ընդունելության ժամանակ հայտնեց կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բայց սա, ուզում եմ ընդգծել, որ դեպի Հայաստան է, որովհետև Հայաստանը արևմտյան քաղաքակրթության աղբյուրներից մեկն է եղել և Հայաստանից են ծնվել այն արժեքները, չափանիշները, որ այսօր համարվում են եվրոպական», - հյուրերին դիմելով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը`ողջունելով այլ կուսացություններին, որոնք «Ժառանգության» հետ միասին դիտորդի կարգավիճակով անդամակցել են ԵԺԿ-ին:

Հիշեցնենք, որ այդ մյուս կուսակցություններն են Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ դեպի Եվրոպա ճանապարհին առաջիկա նախընտրական քարոզարշավում Հայաստանը ներկայացնող այլ կուսակցություններն ըստ էության, այլ ոչ թե խոսքով կպաշտպանեն մարդու ազատությունը, օրենքների գերակայությունը, հայ մարդու ձայնի իրավունքը:

Իր մուտքը ԵԺԿ, կուսակցությունը նշեց համակիրների, մտավորականների, գիտնականների, լրագրողների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներից Հայաստանում Իտալիայի և Գերմանիայում ներկայացված դեսպանների հետ միասին:

Ներկա էին ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու Անուշ Սեդրակյանը:

Նշենք, որ այսօր մամուլն արդեն որպես կայացած փաստ էր համարել «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը (պաշտոնապես հնարավոր դաշինքի շուրջ դեռ խորհրդատվություն է ընթանում) և ներկայացրել էր երկու կուսակցությունների ընդհանուր համամասնական ցուցակի տասնյակը, որի առաջին երկու հորիզոնականներում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն էին, իսկ մյուս անցողիկ տեղում էր «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրկյանը:, իսկ «Ժառանգությունից» ներառված էին Կարինե Հակոբյանի և Լարիսա Ալավերդյանի անուն-ազգանունները:

Թե «Ազատ դեմոկրատները» և թե «Ժառանգության» անդամները նման ցուցակի գոյությունը հերքում են:
«Մարդիկ տարբեր ստեղծագործական երևակայություն ունեն և ես չեմ պատրաստվում նրանց ստեղծագործական երևակայությունը քննարկել», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին տեղի է ունենալու «Ժառանգության» համագումարը: