Գյումրեցի անապահով ընտանիքի խնդրով «Շիրակ» կենտրոնի բաց նամակը

18:50 • 24.02.12

Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու նպատակով «Շիրակ կենտրոնը» բաց նամակ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ.

Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական պայմաններում իր մանկահասակ երեք երեխաների հետ գոյատևող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին:

Այս ընտանիքը որևէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից և պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել և սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարևանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից և ուշադրությունից: Երեխաների մայրը առավոտից մինչև ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից և սովից»: