Ընկերներիս քայլը քաղաքական կամքի խոսուն դրսևորում է. Սուրեն Սուրենյանց
Առաջիկա քաղաքական ընտրություններին ընդառաջ այսօր հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի տեքստը վերջինս տրամադրել է Tert.am-ին:
«Անկախ այսօրվա իմ քաղաքական կարգավիճակից «Հանրապետություն» կուսակցությունում են մեկտեղված իմ ամենալավ ընկերները, ովքեր անուրանալի ավանդ ունեն հատկապես արցախյան պատերազմում:
Խորհրդարանական առաջիկա ընտրություններին կուսակցության պասիվ մասնակցության մասին հայտարարությունն իմ ընկերների քաղաքական կամքի, քաղաքացիական կեցվածքի խոսուն դրսևրորումն է: Այդպես կվարվեր Հայաստանի յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի, ով ականատես է մի իրականության, որի մի կողմում չբարեփոխվող իշխանությունն է, մյուս կողմում՝բարեփոխման հետ չասոցացվող ընդդիմությունը»,-ասված է Սուրեն Սուրենյանցի հայտարարության մեջ:
ՀԱԿ նախկին անդամը և քաղբանտարկյալը նաև նշում է, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում իր քվեն տալու է ՀԱԿ-ին՝ «բացառապես այն պատճառով, որ այդ ցուցակի երրորդ համարում հանդիպելու» է լուսավոր մի մարդու անվան:
Սուրեն Սուրենյանցը նաև հույս է հայտնում, որ մի օր նախագահական ընտրություններում արժևորված կհամարի իր քվեն՝ քվեաթերթիկում տեսնելով Արամ Սարգսյանի անունը:
«Ես հավատարիմ եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի արժեքային համակարգին ու քաղաքական ժառանգությանը»,-ասված է Սուրենյանցի հայտարարության մեջ։









