Երուսաղեմում անկարգություններ են սկսվել

16:58 • 24.02.12

Երուսաղեմի «Ալ Աքսա» մզկիթում աղոթքից հետո, հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որոնք փորձում են ցրել բազմությունը:

Ձերբակալությունների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ոստիկանների շրջանում կան վիրավորներ:

Որն է եղել անկարգությունների դրդապատճառը, դեռ անհայտ է:

Փետրվարի 25-ին պաղեստինցիները նշում են «Հևրոնի կոտորածի» տարելիցը. 1994թ.-ին իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ է բացել մզկիթում աղոթող պաղեստինցիների ուղղությամբ: Այդ ժամանակ զոհվել էր 29 մարդ, ևս 125-ը ստացել էին վնասվածքներ:

Ամեն տարի այդ օրը զոհերի ոգեկոչման արարողությունն ավարտվում է իսրայելցի ոստիկանների հետ բախումներով: