ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ գործողությունները
Միացյալ Նահանգների ու Իսրայելի իշխանությունները համաձայնեցրել են Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակները, եթե իսլամական պետության նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները բավարար չլինեն: Այս մասին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ասել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոն:
«ԱՄՆ նախագահն ասել է, որ մենք համակարգում ենք իսրայելցի գործընկերների հետ մեր գործողությունները: Նպատակին հասնելու բոլոր այլ միջոցառումները մեր օրակարգում են», - ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ չնայած Իրանի նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշման ուժեղացմանը, «այն դեռ չի հասել իր նպատակին` ստիպել Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը»: Դեսպանի խոսքով` համաձայնեցված միջոցառումները կարող են կյանքի կոչվել ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի»:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, իսրայելական հետախուզությունը կարծիք էր հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն «անցել է սահմանները», և այժմ անհրաժեշտ է ուժային միջոցներ ձեռնարկել` Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու համար:
Ըստ պաշտոնական Թել-Ավիվի, այս խոսքերի վկայությունը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ապարդյուն այցն է Իրան (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչներին թույլ չէին տվել այցելել Պարչինի ռազմական օբյեկտ):
Ի դեպ, այսօր փորձագետների այցի արդյունքների մասին զեկույցը կներկայացվի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհրդին:









