Խարդախին ճանաչել է հեռուստահաղորդումից – 2

11:52 • 24.02.12

Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հայտնել էր, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, որը հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել էր 130.000 դրամ:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 23-ին էլ ոստիկանություն է ներկայացել մեկ այլ քաղաքացի և հայտնել, որ իր որդին (10-րդ դասարանի աշակերտ) դիտելով հաղորդումը՝ ճանաչել է Կ. Սանոյանին, որը 2011 թ. հոկտեմբերին ներկայանալով Մարատ անվամբ և չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը: