Լուկաշենկոն պատժել է Բելառուսում «Եվատեսիլի» արդյունքները կեղծողներին
Բելառուսում «Եվատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլի արդյունքները, ինչպես պարզվել է, նենգափոխվել էին և այս առիթով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիմանել է մշակույթի նախարար Պավել Լատուշկոյին և «Բելհեռուստառադիոընկերության» նախագահ Գենադի Դավիդկոյին:
Բացի այդ, պատասխանատվության են ենթարկվել նաև այլ պաշտոնյաներ, որոնք «համապատասխան միջոցները չեն կիրառել Բելառուսի ներկայացուցչի օբյեկտիվ և արդար ընտրությունն ապահովելու համար», հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Նկատողություն են ստացել նախագահի աշխատակազմի ղեկավարը, նրա առաջին տեղակալը, ինչպես նաև վարչապետի տեղակալը: Իսկ մշակույթի նախարարին և «Բելհեռուստառադիոընկերության» նախագահին հանձնարարվել է անհապաղ աշխատանքից հեռացնել այն անձանց, ովքեր մեղավոր են քվերակության արդյունքների աղավաղման համար:
«Եվատեսիլի» ազգային նախընտրական փուլի արդյունքների առիթով նախագահը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել,որի արդյունքում որոշվել էր, որ հաղթող ճանաչված Ալյոնա Լանսկայայի փոխարեն Բաքու կգնա «Լայթսաունդ» խումբը, որը առաջին ընտրության ժամանակ 2-րդ տեղն էր զբաղեցրել:









