«Համերաշխությունը» կսատարի ԲՀԿ-ին

14:55 • 25.02.12

«Համերաշխություն» կուսակցությունը առաջիկա ընտրություններում սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին այսօր հայտարություն ընդունեց «Համերաշխություն» կուսակցությունը իր 4-րդ համագումարի ընթացքում: Կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը իր ելույթում նշեց, որ սոլիդարիզմի գաղափարը միշտ ընկալելի է եղել ԲՀԿ-ի համար:

«Գագիկ Ծառուկյանը այն քաղաքական գործիչն է, ով իրատեսորեն հասկանում է այս գաղափարը, նրա խոսքն ու գործը միշտ հիմնված են եղել խաղաղության գաղափարի վրա: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որին վստահում է քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,-ասաց նա:

«Համերաշխություն» կուսակցության ընդունած հայտարարությամբ կոչ արվեց բոլոր կուսակից ընկերներին, համակիրներին և երկրի քաղաքացիներին առաջիկա ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, քանի որ ընտրելով «Բարգավաճ Հայաստան»-ին , իրենք ապահովում են կայուն Հայաստանի և անվտանգ Արցախի գոյությունը, նպաստում ենք բարեկեցիկ երկրի կառուցմանը»:

Համագումարին ներկա Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ին ուղղված բարձր գնահատականի և վստահության համար:

Նա կարդաց Գագիկ Ծառուկյանի ուղերձը` ուղղված համակիրներին, որում ասված էր, որ ինքը համոզված է, որ միասին իրենք կարող են հասնել երկրի բարօրությանը:

Կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանը հայտարարեց նաև, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու սոլիդարություն հաստատելու համար:

«Մենք այժմ ունենք համերաշխության դեֆիցիտ, որը ատելության կարող է վերածվել մանավանդ այս նախընտրական և հետընտրական փուլում: Ցավոք պետք է փաստենք, որ մեր ժողովուրդը տեսել է մարտի 1-ի նման ցավալի երևույթներ: Վերջին տարիների բարեփոխումները զգալի չեն եղել մեր քաղաքացիների համար: Դրանք հիմնականում կոսմետիկ են եղել»,-ասաց նա:

Կուսակցության առաջնորդը համագումարի ընփացքում անդրադարձավ նաև արտագաղթին և նշեց, որ երկիրը լքողների քանակը գնալով մեծանում է: