Դինքը Հայերի Աթաթուրքն է. ինչպե՞ս են հրահրվել «Ագոսի» խմբագրապետին սպանողները

16:26 • 25.02.12

Հրանտ Դինքի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը իրեն սպանության դրդելու համար մեղադրել է նույն գործով մեղադրված, սակայն դատավարության արդյունքում արդարացված Էրհան Թունջելին:

Հայալը նաեւ հայտարարել է, որ մինչ սպանությունը իրեն հաճախ են ոստիկանական մեքենաներով տարել Տրապիզոնի ոստիկանություն, որտեղ իրեն շատ լավ են վերաբերվել:

«Թե ինչո՞ւ էին տանում, չգիտեմ, ասում էին հայրենիքի համար պիտանի երիտասարդ եմ, եև որ մեզ պես երիտասարդները պետք են հայրենիքին: Նրանք ինձնից որեւէ բան չէին պահանջում, հավանաբար Էրհան Թունջելի միջոցով իրենց ուզածն անել տվեցին ինձ: Էրհան Թունջելը կարողանում էր ազդել երիտասարդների վրա»,-պատմել է Յասին Հայալը «Թարաֆ» թերթի լրագրողին:

Նա տեղեկացրել է, որ Թունջելը հաճախ է երիտասարդների հավաքել իր տանը, տեսասկավառակներ բաժանել, սեմինարներ անցկացրել, ասել, որ «երիտասարդներին պետք է «լուսավորեն»:

«Սակայն Հրանտ Դինքի մասին միայն իմ եւ Օգյուն Սամասթի հետ խոսեց: Զենքի եւ փամփուշտների գումարը, ինչպես նաեւ Օգյունի ճանապարհածախսը միասին տվեցինք: Նա շատ լավ գիտի, թե որտեղից եմ գնել զենքը», - ասել է Հայալը:

Ցմահ դատապարտյալն խոսքով, Հրանտ Դինքի անունն առաջին անգամ հենց Էրհան Թունջելից է լսել, ով Հրանտ Դինքին` «հայերի Աթաթուրք» է բնորոշել:

Երբ սպանությունից հետո Օգյուն Սամասթը ձերբակալվել էր, ոստիկանությունում արված «Սամասթի հերոսացման» լուսանկարները սկանդալի պատճառ էին դարձել: Հայալն ասել է, որ իր հետ էլ նույն կերպ են վարվել 2004 թ.-ին իրականացրաց McDonald’s-ի պայթյունից հետո:

«Այս պետությունը քո և Էրհանի նման հերոսների կարիքն ունի, քեզ շուտով ազատ կարձակենք», - ասել են Հայալին, ով պայթյունի գործով ձերբակալությունից ընդամենը 11 ամիս անց, իրոք, ազատ է արձակվել: