6000-ի դեմ պայքարել 30 քաջերով ու զոհ չտալ. «խելագարություն է» . Կարո Վարդանյան
Առ այսօր Անդրանիկի և երեսուն քաջերի սխրանքը Առաքելոց վանքում ընկալվում է որպես էպոս կամ հեքիաթ, և ոչ մի պատմաբանի կողմից նորմալ գնահատական չի տրվել անգամ համաշխարհային ռազմագիտության մեջ այս բացառիկ դեպքին: Այս Tert.am –ին ասաց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ անդրադառնալով Զորավար Անդրանիկի ծննդյան 147–ամյակին:
Նա այսօր վաղ առավոտից այցելել է Երևանի Եռաբլուր պանթեոնոն, որտեղ ամփոփված է Անդրանիկ Օզանյանի աճյունը: Մեծ զորավարի ծննդյան 147–ամյակի կապակցությամբ այսօր նրա գերեզմանին այցելուների մեծ հոսք կա:
Հիշեցնենք, որ մեծ զորավարի աճյունը Հայաստան է բերվել 2000 թ.՝ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից:
«Քսան օր տևեց Առաքելոց վանքում Անդրանիկի և իր քաջերի «խելագարությունը»: Խելագարություն, որովհետև 30-32 քաջերի դեմ թուրքական կանոնավոր բանակի 6000-անոց բանակը քսան՝ օր շարունակ պաշարելով վանքն՝ ամեն օր իր շարքերից տասնյակ դիակներ էր հավաքում, մինչդեռ Անդրանիկն ու մյուս «խելագարները» ոչ մի զոհ այդպես էլ չտվեցին ու սպիտակ սավաններ կարելով ճեղքեցին պաշարումն՝ օգտվելով ձյունամրրիկից: Ապա իրենց հաղթանակը տոնեցին Սասունի լեռներում»,- պատմում է Կարո Վարդանյանը:
Գրականագետի գնահատամամբ՝ Առաքելոց վանքի սխրագործությունը կարևոր է այն առումով, որ այն հուսադրիչ նշանակություն ունեցավ Արևմտյան Հայաստանի բնակչության՝ թուրքական կանոնավոր բանակի ու քրդական ջոկատների կողմից 1884-1896 թթ. ջարդերից հետո հուսալքված բնակչության շրջանում:
Կարո Վարդանյանը հաճելիորեն զարմացած է այսօր Անդրանիկի գերեզմանին այցելուների հոսքից: Նա հայտնեց, որ բազմաթիվ մտավորականների, շարքային քաղաքացիների հետ միասին Անդրանիկ գերեզմանի մոտ հանդիպել է բազմաթիվ պաշտոնյաների և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:









