«Միասին» երիտասարդական շարժումը Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված ֆլեշմոբ կիրականացնի

14:22 • 25.02.12

«Միասին» երիտասարդական շարժումը, փետրվարի 27-ին, ժամը 19:30-ին, Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ իրականացնում է ֆլեշմոբ: Այս մասին տեղեկանում ենք շարժման մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

«1988թ. փետրվարի 27-29-ը, հայ ժողովրդի հիշողության մեջ, մտել են որպես ողբերգական օրեր: Արդեն 24-րդ տարին է, հայ ժողովուրդը հիշում և սգում է այդ օրերի անմեղ զոհերի հիշատակը: Այդ իրադարձությունները, մինչ օրս, արժանի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, մեղավորներն արժանի պատիժ չեն կրել: Միասին երիտասարդական շարժումը, հազարավոր երիտասարդների անունից իր բողոքն է արտահայտում մարդկության հանդեպ իրականացված չարիքի դեմ: Այլևս երբեք, աշխարհում չպետք է կրկնվի այդ չարիքը մարդկության դեմ»,– մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։

Շարժման երիտասարդներն իրենց դասավորությամբ կստանան «NEVER AGAIN» գրությունը: Այնուհետև, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրից բերված ջահերով կվառվեն «NEVER AGAIN» գրության վրա կանգնած երիտասարդների ջահերը:

Մինչ այդ, ժամը 18:30-ին, ֆլեշմոբի մասնակիցները կհավաքվեն Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղից, 19:00-ին վառած մոմերով կբարձրանան Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: