Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

10:18 • 25.02.12

Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը:

Ըստ Արտգործնախարարութան հաղորդագրության՝ Վիետնամի Նախագահն ասել է, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարեւոր աջակցությամբ:

«Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար»,– ասել է նա:

Վիետնամի Նախագահը վերահաստատել է ՀՀ նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը եւ ընդգծել, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:

Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վիետնամի ղեկավարին, և տեղեկացրել, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը և այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին:

Կողմերը վստահություն են հայտնել, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:

Վիետնամի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի Նախագահը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ: