«Հայ Սուպերսթար 5»–ը նորից ի հայտ կբերի տաղանդավոր երիտասարդների
Լուսանկարը՝ «Շանթ» հեռուստաընկերության կայքի
«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նախագծի հերթական՝ թվով հինգերորդ եթերաշրջանը: Այդպիսով, «Հայ Սուպերսթար» –ը նաև նշում է իր հոբելյանն ու պատրաստվում է տոնական համերգներով ներկայանալ հանդիսատեսին: Նախագծի կազմակերպիչները նշում են, որ հենց այս հինգ տարիների ընթացքում «Հայ Սուպերսթար»-ի շնորհիվ ստեղծվեց այլընտրանքային երաժշտության դաշտ և ջարդվեցին բազմաթիվ կարծրատիպեր: Նախագծի հոբելյանական եթերաշրջանի շրջանակներում մասնակիցներին և երկրպագուներին անակնկալ է սպասվում: Յուրաքանչյուր գալա համերգին կատարած երգերը հասանելի կլինեն Երևանի ռադիոկայաններով: Ի դեպ, նախագծի շրջանակներում արդեն կայացել են երեք գալա համերգներ:
«Հայ Սուպերսթար 5» նախագծի նախնական քասթինգներին` ընտրական փուլերին, հազարավոր մասնակիցներ էին դիմել` թե Հայաստանից, թե արտերկրից: Մի շարք փուլերի ու փորձությունների արդյունքում ժյուրիի անդամները` Անդրեն, Լեյլա Սարիբեկյանը, Ավետ Բարսեղյանը, Գարիկ Պապոյանը ընտրեցին լավագույն 12-ին: Նախագծում կմրցեն մասնակիցներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Աբովյանից և Երևանից, նրանք են` Անահիտ Հարությունյանը, Լիլիթ Խաչատրյանը, Արմեն Մարդանյանը, Վարդինե Ավագյանը, Էլիզաբեթ Ադիկյանը, Երվանդ Մաթևոսյանը, Ջուլիետտա Սարգսյանը, Լիաննա Արոյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Սոնա Ռուբենյանը, Արթուր Մացակյանն ու Ռիմա Ֆարսյանը:
«Հայ Սուպերսթար 5» նախագծի վերաբերյալ Tert.am –ը զրուցել է ժյուրիի անդամներից Անդրեի հետ`նաև պարզելու, թե արդյո՞ք արդեն իսկ կարելի է նախանշել համեմատաբար մեծ հնարավորություններ ունեցող մասնակիցների։ «Չեմ ուզում դեռևս առանձնացնել որևէ մասնակցի անունը, եթերաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Բայց այս պահին, եթե պետք լիներ նրանցից մեկի հետ դուետ կատարել` Սոնային կընտրեի: Շատ եմ հավանում նրան որպես երգչուհի»:
Սոնա Ռուբենյանը 18 տարեկան է, բայց հասցրել է բավականին երկար երաժշտական ուղի անցնել: Սոնան ավարտել է Հայաստանի երգի պետական թատրոնը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցը: Այժմ Սոնան սովորում է Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ջազ դաշնամուրային բաժնում: Սոնայի համար «Հայ Սուպերսթար» նախագիծը առաջին մրցույթը չէ`նա մասնակցել` «Կանաչ Գոտի» նախագծին, «Կռունկ» երգի փառատոնին: 18-ամյա մասնակիցը մասնակցել է նաև Ալեքսանդր Թամանյանի 125-ամյակին նվիրված համերգին, «Բարեկամություն» անսամբլի համերգին և մի շարք այլ հեռուստատեսային երաժշտական ծրագրերի:
«Հայ Սուպերսթար 5»-ի հաղորդավարն է «Vitamin» ակումբի անդամ Արամ MP3-ը: Նախագծի երաժշտական պրոդյուսերն է «EmpyRay» խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող և երգահան Գիսանե Պալյանը: «Ակնկալիքներս մեծ են, նորից ի հայտ ենք բերելու մեր տաղանդավոր երիտասարդներին: Այս նախագիծը համախմբում է բոլոր նրանց, ովքեր կարող են աճել, ունեն պոտենցիալ, տվյալներ, բայց այլ ձևով երևալու հնարավորություն չունեն: Շատ եմ սիրում այս նախագիծը»,– նշում է Գիսանե Պալյանը:
Ի դեպ, 5-րդ մրցաշրջանում ևս, ինչպես և նախորդներում, մասնակիցները կլքեն նախագիծը միմիայն հանդիսատեսի կամքով` հենց նրանց քվեարկության արդյունքում հայտնի կդառնա «Հայ Սուպերսթար 5» հեռուստաշոուի հաղթողի անունը: Վաղը, ժամը 19:40-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում կցուցադրվի երրորդ գալա–համերգը:










