Սիրիայի սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն հայտարարվել է կայացած

21:21 • 26.02.12

Սիրիայի սահմանադրության նոր նախագծի ընդունման վերաբերյալ հանրաքվեն կայացած է` հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով այդ երկրի տեղեկատվության նախարարությանը:

Սիրիայի սահմանադրության նոր նախագծի հիմնական տարբերությունն այն է, որ փոփոխվում է հիմնական օրենքի 8-րդ կետը: Նոր բարեփոխումների արդյունքում վերանում է կառավարող կուսակցության «Բաասի» (Վերածնունդ) գերիշխող դիրքը, և բոլոր քաղաքական կուսակցությունների համար հավասար պայմաններ են հաստատվում:

«Հանրաքվեն կայացած է, ժողովրդի մասնակցությունը շատ բարձր էր: Հաշվարկները ավելի ուշ կարվեն, սակայն արդեն հիմա կարելի է պնդել, որ Սիրիայի ժողովուրդը քվերարկությանը ցուցաբերեց ամենաակտիվ մասնակցությունը», - նշել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նշվում է, որ Դամասկոսում հասարակական կարգի խախտման որևէ դեպք չի գրանցվել: