Տուլայում հայը տաջիկների հետ 3-ամյա երեխայի է առևանգել
Ռուսաստանի Տուլայի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները 3-ամյա երեխայի առևանգման կասկածանքով Հայաստանի և Տաջիկստանի մի խումբ քաղաքացիների են ձերբակալել: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, մարզի Ուզլովայա քաղաքի բնակչուհին ուրբաթ ոստիկանական բաժանմունք էր դիմել և հայտնել, որ անհայտ անձինք առևանգել են իր երեխային:
Կինը պատմել էր, որ անհայտ անձինք ծեծել են իր ամուսնուն, առևանգել երեխային, ապա ավտոմեքենայով լքել հանցանքի վայրը:
Տուժողն այդ ընթացքում հասցրել էր ֆիքսել ավտոմեքենայի համարանիշը, ինչի շնորհիվ ոստիկանները քիչ անց պարզել էին հետախուզվող մեքենայի գտնվելու վայրը:
Ավտոմեքենայի ղեկին ՀՀ քաղաքացի էր նստած եղել, իսկ սրահում՝ Տաջիկստանի քաղաքացի հանդիսացող երկու կին և երկու տղամարդ, ինչպես նաև երկու երեխա, որոնցից մեկը հենց առևանգված երեխան էր:
Ոստիկանները Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիներին բերման են ենթարկել, իսկ առևանգված երեխային՝ հանձնել ծնողներին:









