Տուվայում երկրաշարժի հետևանքով արտակարգ դրություն է մտցվել

15:03 • 26.02.12

Տուվայի Հանրապետությունում (Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ) փետրվարի  26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արտակարգ դրություն է մտցվել: Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, համապատասխան հրամանը աշխատանքային այցով հանրապետության Թոջինի շրջանում գտնվող նախագահ Շոլբան Կարաօլն է տվել՝ հեռախոսով: 

 Կառավարական հանձնաժողովն այժմ ստուգումներ է անցկացնում հանրապետության առավել խոցելի օբյկետներում, որոնց թվում են հին և խարխուլ տները, մի քանի կամուրջներ: Հաղորդվում է, որ հենց այս կառույցներ էին վնասվել անցած տարի հանրապետությունում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ժամանակ:

Հանրապետության Կաե Խեմսկի շրջանում երկրաշարժի հետևանքով ափերից դուրս է եկել Մերգեն գետը, որի ջրերը սպառնում են Սարիգ սեպ գյուղին:

Այսօր՝ օրվա առաջին կեսին, Տուվայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել. էպիկենտրոնը գտնվել էր Կիզիլ քաղաքից 69 կմ հեռավորության վրա: