Ղուրանն այրելու համար պետք է Սպիտակ տունն այրել. Իրան

12:11 • 27.02.12

Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների կողմից Ղուրանն այրելու համար վրեժխնդիր պետք է լինել Սպիտակ տունն այրելով, ինչպես նաև կախաղան բարձրացնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ հանցագործությանը: Ինչպես հայտնում է «Ալ Արաբիա»-ն, այս մասին այսօր հայտարարել է իրանական «Բասիջ» ոստիկանական ուժերի հրամանատար Մոհամեդ Ռեզա Նաքդին:

«Ներողությունները կարելի է ընդունել միայն սուրբ գրքերի այրմանը մասնակցած ամերիկացի հրամանատարներին կախաղան բարձրացնելուց հետո: Ոչ մի բան չի կարող բժշկել մեզ` մուսուլմաններիս, հասցված վերքերը, բացի Սպիտակ տունն այրելուց»,- ասել է գեներալը:

Իր հերթին, Թեհրանի իմամ Ահմադ Հաթամին ենթադրում է, որ «Ղուրանն այրելը սխալմամբ չի կատարվել», ինչպես նշում են ամերիկացիները, այլ «միտումնավոր է արվել` մուսուլմաններին վիրավորելու նպատակով»: Գեներալի ու հոգևոր առաջնորդի հայտարարությունները հնչել են Իրանի ու Միացյալ Նահանգների ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին, որը մոտ ապագայում չի բացառում նաև պատերազմական գործողություններ Թեհրանի դեմ, ընդգծել է «Ալ Արաբիա»-ն:

Նախորդ շաբաթ Աֆղանստանի «Բայրամ» ամերիկյան բազայում զինծառայողներն այրել էին մուսուլմանական կրոնական գրքեր, այդ թվում` Ղուրանը, որն առաջացրել է աֆղանցիների դժգոհությունը:

Հինգշաբթի Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային ուղղված նամակում ներողություն էր խնդրել ամերիկացի զինծառայողների արարքի համար: