«Սա ձեր խղճին է». Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան

12:56 • 27.02.12

Մինչ այսօր Ազգային ժողովը կհաստատեր այսօր սկսված հերթական քառօրյայի օրակարգի նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ պատգամավորներին կոչ արեց առաջնորդվել «ԱԺ կանոնակարգ օրենքի մասին» օրենքի համապատասխան դրույթով, որն ասում է, որ պատգամավորը քվեարկում է անձամբ: ԱԺ նախագահությանն էլ Անահիտ Բախշյանը կոչ արեց անհանդուժող լինել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ:

«Պատգամավորները պետք է քվեարկեն միայն իրենց փոխարեն և ես անհանդուրժող եմ լինելու ուրիշի փոխարեն քվեարկողների նկատմամբ«,- տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Նշենք, որ սրան հաջորդած քվեարկություններից մեկով խորհրդարանը մերժեց «Ժառանգության» խմբակցության ` Սյունիքի մարզում հինգ համայնքներում հանքարդյունաբերության ոլորտի և Քաջարան գյուղին հարակից տարածքը գերակա շահ ճանաչելու մասին կառավարութան որոշումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Քսանչորս «կողմ» արտահայտված պատգամավորներին Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ , փաստորեն, այս քսանչորս հոգին կողմ են հասարակության տեղեկացվածությանը Սյունիքի մարզի հինգ համայնքներում կատարված ստվերային գործընթացներին: Դեմ քվեարկած պատգամավորներին էլ Ստեփան Սաֆարյանը ասաց. «Սա ձեր խղճին է»:

Ի պատասխան ԱԺ նախագահությունից արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ պետք չի գնահատականներ տալ, քանի որ բոլորն Ազգային ժողովում աշխատում են խղճի մտոք, ինչն ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չպետք է նորություն լինի պատգամավորների համար: