Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ը կնշի ճանապարհը, որով անցնելու է առաջիկա 2 ամիսներին
Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի՝ մարտի 1-ի հանրահավաքը կլինի հիշատակի հանրահավաք, կունենա քաղաքական բովանդակություն և կնշի ճանապարհը, որով ՀԱԿ–ն անցնելու է առաջիկա երկու ամիսներին, այս մասին ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն ասաց այսօր հրավիրված ասուլիսին։
Նրա խոսքով՝ ՀԱԿ–ի մաս կազմող բոլոր ուժերը կենտրոնացվելու են հասարակությանը մոբիլիզացնելու՝ «կեղծիքների դեմ պայքարում և գործող վարչախմբի դեմ Հայաստանի մտահոգ բոլոր ուժերի հետ միասին ճակատամարտ տալու համար»։ Նա նաև ասաց, որ այդ նպատակով ՀԱԿ-ն ընտրական գործընթացները կսկսի նախաձեռնել մարտի մեկից:
«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Աժ ընտրություններին, որը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար և կողմնորոշիչ է լինելու, թե ինչպիսի երկիր է լինելու Հայաստանը»,- ասաց նա և հիշեցրեց, որ մարտի 1-ին լրանում է 2008թ. նույն օրվա իրադարձությունների 4–րդ տարելիցը:
«Բողոքի խաղաղ ալիքը ճնշելու նպատակով իշխանությունը գնդակահարեց տասը անմեղ քաղաքացու: Մեր այս տարվա առաջին հանրապետական հավաքը կլինի հիշատակի հանրահավաք, ինչպես նաև կունենա քաղաքական բովանդակություն և կնշի այն ճանապարհը, որով կոնգրեսն անցնելու է առաջիկա երկու ամիսներին»,- ասաց նա:









