Երևանում մեկնարկում են Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունները
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցություններում բանակցային առարկա է նաև խնդիրը, թե մեր երկրի հասարակության որ լայն շրջանակներին է վերաբերելու կնքվելիք փաստաթուղթը, այս մասին Tert.am –ին ասաց Հայաստանի փոխախարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այսօր Երևանում մեկնարկող Հայաստանի և Եվրահանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության բանակցային թիմի միջև վիզաների դյուրացման և հետվերադարձի համաձայնագրի մասին տարվելիք բանակցություններում Հայաստանի գլխավոր բանակցողն է:
Համաձայնագրի կնքումից հետո այն առաջին հերթին կտարածվի երիտասարդության, ուսանողության, ակադեմիական և բիզնես շրջանակների վրա, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների, որոնց ընտանիքների անդամների մի մասը բնակվում է եվրոպական երկրներում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նպատակ ունի մեծացնել հայ հասարակության լայն խմբերի մուտքը այս երկրներ, և արտոնություններ են սահմանվելու նաև վիզաների տրամադրման ժամկետների ընթացակարգերում ու գնային քաղաքականության մեջ:
«Չեմ կարող նշել, թե բանակցությունները երբ կարելի է ավարտված համարել, ասեմ միայն, որ այս Համաձայնագրի կնքումը մեզ համար շատ առանցքային հարց է, և որ ունենք շատ պատրաստված թիմ»,- բանակցությունների ավարտման ժամկետների մասին մեր հարցին ի պատասխան նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ հետվերադարձի՝ ռեադմիսիայի մասին պայմանագրերը վերաբերում են ԵՄ անդամ երկրներում ու եվրոպական երկրներում բնակվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր այս երկրներում բնակվում են ոչ լեգալ կարգավիճակով:
Հարցին, թե ԱԳՆ-ում կա հաշվարկ, թե Եվրոպայում բնակվող որքան ՀՀ քաղաքացի « ոչ լեգալներ» ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան, ԱԳՆ փոխնախարարը միայն ասաց, որ 12 երկրների հետ Հայաստանն արդեն իսկ ունի ռեադմիասիայի մասին երկկողմ պայմանագրեր:









