Հայտնի են Հայաստանում 2011–ի լավագույն դատավորներն ու դատարանները

18:25 • 27.02.12

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ մրցանակներ են շնորհվել «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունից։

2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին են արժանացել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
«Տարվա լավագույն դատարան» անվանակարգին են արժանացել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:

Մրցանակաբաշխության նպատակով ստեղշվել է հատուկ հանձնաժողով, և ընդունվել են հատուկ չափորոշիչներ, որոնց բավարարման դեպքում միայն դատավորները կարող են արժանանալ «Տարվա լավագույն դատավոր» մրցանակին:
Այդ չափորոշիչներից են օրինակ՝ դատավորների կողմից քննվող գործերի քանակը, բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը, դատավորների մասնակցությունը վերապատրաստումներին, կարգապահությունը, դատավորների վարքագիծը և հեղինակությունը, գործընկերների վերաբերմունքը, դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները, ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը, դրանց ընթացքը և մի շարք կարևոր այլ չափանիշներ:
Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Արման Մկրտումյանը, ով ներկայացրել է վիճակագրական տվյալները և ամփոփել նախորդ տարվա կատարված աշխատանքները։

Արման Մկրտումյանը նաև ասել է, որ դրական տեղաշարժեր են գրանցվել դատական համակարգի բոլոր ոլորտներում՝ վարչական, քաղաքացիական և քրեական: Դրանք առավել ակնառու են հատկապես քրեական ոլորտում:

Մեջբերելով վիճակագրական տվյալներ` վճռաբեկ դատարանի նախագահն ընդհանուր ժողովին հայտնել է, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009թ. ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ:

Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանն ասել է. «Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների և փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետևության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին»: