Բաց մրցույթ Սրբոց թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի համար

13:02 • 27.02.12

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է Այբ ավանում կառուցվելիք Սրբոց թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի միջազգային բաց մրցույթ, այս մասին այսօր Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանում հայտարարեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մենք արեն քսան տարի է եկեղեցաշինություն ենք իրականացնում: Բայց մեծամասամբ (դրանք) կրկնողություններ են նախորդների: Հույս ունենք, որ այս մրցույթը որոշակի թարմ հոսանքներ և նոր մտածողություն կբերի՝ նոր փիլիսոփայությամբ ՝ պահպանելով ավանդականը: Բաց մրցույթի ծրագիրը կնպաստի, որ շատ ճարտարապետներ ներգրավենք»,-ասաց նա։

Մկրտիչ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ մրցույթի իրականացման համար հատուկ բացվել է կայք, որտեղ օնլայն ռեժիմով կիրականացվի մրցույթի բոլոր փուլերը, այդ թվում և ժյուրիի կողմից հայտերի գնահատման գործընթացը: Մրցույթի բոլոր մասնակիցները նախապես կգրանցվեն կայքում, ապա իրենց նախագծերը ներբեռնելու հնարավորություն կունենան, իսկ ժյուրին հենց կայքում կգնահատի դրանք:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին ասաց, որ իրենք ակնկալում են, որ նորագույն ճարտարապետության լավագույն դռսևորումը կլինի:

«Մենք ուզում ենք որ այդ ուսումնական ավանում եկեղեցի կառուցվի, քանի որ դարեր շարունակ հայ դպրոցն ու հայ եկեղին իրար կողք են գործել: Եվ այն ուսումնական կենտրոնում գործելով յուրահատուկ է լինելու: Մենք ցանկանում ենք, որ եկեղեցին պատրաստ լինի թարգմանչաց տոնին»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մրցույթի կազմակերպիչ «Ստորակետ» ճարտարապետական արհեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 13-ը, իսկ այն կեզրափակվի ապրիլի 20-22 ՝ ցուցահանդեսով և մրցանակաբաշխությամբ:

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերին կշնորհվեն մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 1. 2 մլն, 2-րդի՝ 600 000 դրամ և 3-րդ՝ 300 00 դրամ: