Լարիսա Ալավերդյանն Արտակ Զաքարյանին բացատրում է մեծամասնական ընտրակարգի թերությունները
Մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովում հայտնվողների խավի առաջ պետք է պատնեշ դրվի և դրա միակ միջոցը մեծամասնական ընտրակարգի վերացումն է, ԱԺ-ում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ խորհրդարանական լսումների նախօրեին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Միջազգային պրակտիկան ցույց է տալիս բազմազանություն, բայց մենք պետք է հիմնվենք մեր պրակտիկայի վրա: Այսինքն, սա միակ միջոցն է վերջապես կազմակերպել նորմալ ըտրություններ: Այսօր դրա ամենամեծ խոչընդոտը մեծամասնականով առաջադրվող թեկնածուներն են դառնում»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հավատացրեց, որ ընտրակարգի փոփոխությամբ թափանցիկ ընտրությունների հարցը չի լուծվի:
«Բոլոր ընտրակարգերը ունեն իրենց առավելությունները, բայց ելնելով սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներից և հաշվի առնելով, որ մեր երկիրը (նկատի ունի խորհրդարանը) մեկ պալատանի է, նպատակահարմար է պահպանել ներկայիս ընտրակարգերը»- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանին զարմանք պատճառեց այն, որ Արտակ Զաքարյանը չի տեսնում մեծամասնական ընտրակարգից առաջացող խնդիրները:
«Եթե չեք տեսել՝ վատ է, եթե տեսել եք ու չեք կանխել, դա էլ ավելի վատ է։ Մեծամասնականի վերացումը փորձ է՝ կանխելու բացեիաբաց կամ գաղտնի տրվող ընտրակաշառքները: Եվ հետո, եթե մեծամասնական պատգամավորն ընտրվում է և չի ընդգրկում որևէ կուսակցական խմբակցություն, չի մասնակցում նաև կառավարության ձևավորմանը»,- ասաց տիկին Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ մեծամասնական պատգամավորները հինգ տարի շարունակ զբաղվում են նախընտրական կաշառքներ բաժանելով, ինչը արվում է բարեգործության անվան տակ: Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ ինքն անձամբ ընտրությունների օրը տեսանկարահանելու է ցանկացած խախտում:









