Խորհրդարանական ընդդիմությունը վրդովված է գյուղացիներին տրված արտոնությունների կապակցությամբ
Ամբողջ ժողովրդով հավաքում ենք պետական բյուջե, որի մի հատված կառավարությունն օգտագործում է ընտրություններում հաջողելու և իրեն վերարտադրելու համար: Այսօր «Գույքարարկի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենքի նախագծի կապակցությամբ հայտարարեց խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս օրինագծով կառավարությունը քաղաքացիներին զիջում է մինչև 2008 թվականի ապառքները, որոնք կազմում են 43 միլիարդ դրամ:
Այն, որ կառավարությունն ԱԺ է ուղարկել այս օրենքի նախագիծը հենց հիմա, երբ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին երկու-երեք ամիս ժամանակ է մնում, ըստ Վահան Հովհաննիսյանի` ապացուցուցում է իր վարկածը, որ սա ընտրակաշառք է: «Կուզեք ապացուցեմ, որ սա այդպես է: Մենք ունենինք օրինագծեր , որոնք կառավարությանը բոլորովին չէին պարտադրում քառասունից ավելի միլիարդ դրամի պարտքեր զիջել, այլ շատ ավելի փոքր գումարներով մենք կստեղծեինք կատեգորիաներ մեր բնակչության մեջ, որ նրանք շատ ավելի վճարունակ լինեին և նրանք էս պարքտերի տակ չէին ընկնի, էս մուննաթի տակ չէին ընկնի»,- ըստ Վահան Հովհաննիսյանի «Դաշնակցության» ներկայացրած այդ օրինագծերը տասն են:
Դրանք են`«Եկամտահարկի մասին փոփոխություններ կատարելու» մասին այն օրինագիծը, որով առաջարկվում էր, որպեսզի գիտական կոչում ունոցող անձանց տրվող հավելավճարներն ու պատվովճարները ազատվեն եկամտահարկից: Սա պահանջում էր 529 միլիոն դրամ: Մյուս նմանատիպ օրինագիծը վերաբերում էր բռնադատվածներին, ում համար առաջարկվում էր վարկավորման տեսքով պետական աջակցության մեխանիզմ: Սա ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի`«ընդամենը երկու միլիարդի պատմություն էր»:
Մեկ այլ օրենքի նախագիծ էլ, ըստ Վահան Հովհաննիսյանի թույլ կտար, որ մեր գիտական հիմնարկները «օլիգարխների ձեռքը չոքած չպաչեն»։
Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին, պետական նպաստների մասին և այլ բազմաթիվ օրենսդրական առաջարկներ, որոնք բոլորը մերժվել են և արժանացել բացասական եզրակացության, չնայած Վահան Հովհաննիսյանի խոսքով` քաղաքական մեծամասնությունը ոչ պաշտոնական զրույցներում ընդունել է, որ դրանք լավ առաջարկներ են:
Սա ըստ նույն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի` հայտնի մուլտֆիլմի Շապոկլյակ տատիկի գործելոճն է, որ ոչ մի լավ գործ ճանաչման արժանի չէ և դրանով ըստ նրա` առաջնորդվում է քաղաքական մեծամասնությունը:
Բայց դաշնակցական ֆրակցիան ստիպված այս օրինագծին կողմ է քվեարկելու, քանի որ այն միտված է մարդկանց վիճակը թեթեացնելուն:
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը ևս այս օրինագծից նախընտրական քարոզչության հոտ է առնում և օրենքի նախագծին դեմ է մեկ այլ տեսանկյունից ևս: Ասաց, թե ինչո՞վ է մեղավոր օրինակ ապարանցի Խաչիկ Մատիրոսյանը, երբ լինելով թոշակառու, որպես օրինապաշտ քաղաքացի մուծել է գումարները, իսկ մեկ ուրիշը, որ նույնիսկ թոշակառու էլ չէ, ոչինչ չի մուծել, սակայն նրան արտոնություններ են տրվում:
«Այս ի՞նչ ուղերձ է մեր հասարակությանը, որ քաղաքացի, մի՛ մուծիր, մենք կզիջենք պարտքերը»: Պատգամավորը հանրապետական պատգամավորներին նաև հակադարձեց, թե այդ նրանք են հիմա զբաղված նախընտրական շոուվ:
Նշենք, որ վերջին շրջանում մշտապես հանրապետականներն են խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում, թե զբաղված են նախընտրական շոուով: Հանրապետականների անունից քաղաքական ընդդիմախոսներին պատասխանած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հատկապես ռադիոյով լսելով ընդդիմության ելույթները, տպավորություն է ստացել, որ նրանք անվերջ »մուննաթ են գալիս»:
Ընտրակաշառքի մասին մեղադրանքներն ըստ նրա` «պրիմիտիվ դատողություն է: «Խնդրեմ, դուք ստորագրեք օրենքի նախագծի տակ, մենք մերը հանենք»,- «մեծահոգաբար« առաջարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` նշելով, որ օրենքի ընդդիմախոսների ելույթերը լսելուց մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս օրենքի ընդունումից հետո հաջորդ օրը գյուղացու տանը անպիսի մի բարեկեցություն է լինելու, որ գալու են ասեն. «կառավարություն, Հանրապետական, մենք գալիս ենք, ձեզ ընտրենք»:









