Ինչո՞ւ Արարատում վարչապետին չէին ուղեկցում Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Արարատի մարզում էր` Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվի հետ հանդիպելու համար, սակայն նրան չէին ուղղեկցում ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ Ալիկ Սարգսյանը:
Այսօր ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանից փորձեցինք պարզել պատճառը. «Վարչապետին ուղղեկցում էին արարտցիները, արտաշատցիները, մեր մարզի բնակիչները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
«Հովիկ աբրահամյանն իր գործն ունի: Այդ օրը շտաբում էր իր գործն ուներ և չպետք է ուղեկցեր, իսկ Ալիկ Սարգսյանը նախագահի խորհրդականն է, և եթե ուղղեկցեր պետք է նախագահի հրահանգով ուղեկցեր»,- բացատրեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, որոնց համաձայն, պետք է Լեռնիկ Ալեքսանյանը լքի քաղաքականությունը, պատգամավորն ասաց. «Ոչ մի բան չի բացառվում: Դա որոշում ա կուսակցությունը, այստեղ անձնական ոչ մի ամբիցա չկա: Որոշումից առաջ բնականաբար լինում են խոսակցություններ, ցանկությունների և հնարավորությունների հետ հաշվի առնելը, սակայն ցուցակների առնչությամբ ոչ մի խոսակցություն դեռ չի եղել»:
Լեռնիկ Ալեքսանյանը չցանկացավ նաև նշել թե ինչպես է ինքը գնահատում իր հնարավորությունները՝ ասելով, որ իր անձի նկատմամաբ շատ դժվարությամբ է խոսում:









