Ուկրաինայի ՆԳ նախկին նախարարին էլ դատեցին

17:52 • 27.02.12

Կիևի շրջանային դատարանը (Ուկրաինա) Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին 4 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, նա մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունները վերազանցելու և պետական միջոցները վատնելու համար: 

Դատարանը որոշել է նաև բռնագանձել նախկին նախարարի անձնական ողջ ունեցվածքը: Բացի այդ, Լուցենկոն երեք տարով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Իսկ Լուցենկոյի նախկին վարորդ Լեոնիդ Պրիստուպլյուկը, որը քննչական մարմինների տվյալներով նախկին նախարարի հետ հանցավոր համաձայնության մեջ է եղել, երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Ընդդիմադիր «Ժողովրդական ինքնապաշտպանություն» շարժումը գլխավորած Լուցենկոն 2010թ. վերջից անազատության մեջ է գտնվում: Քննչական մարմինների տվյալներով` նախկին նախարարն իր վարորդի  համար ապօրինի աշխատանքային ստաժ է հաշվարկել, որպեսզի վերջինս բնակարան ստանալու իրավունք ձեռք բերի: Լուցենկոն մեղադրվում է նաև պետական տոների (Ոստիկանության օր) կազմակերպման և անցկացման ընթացքում բյուջեի փողերը վատնելու մեջ:

2011թ. հոկտեմբերի 11-ին նույն այդ դատարանը 7 տարվա ազատազրկման դատապարտեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին. նա մեղավոր ճանաչվեց  2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ իր ծառայողական պարտականությունները վերազանցելու համար: