Ինչ անել, որ այս ուղտը չչոքի մեր դռանը. քննարկումներ ԱԺ-ում
Այսօր ԱԺ–ում թեժ քննարկման առարկա դարձավ ադրբեջանական լոբբիի կողմից միջազգային կառույցներում և ընդհանրապես, արտաքին աշխարհում վերջին շրջանում ավելացող քարոզչական աշխատանքները և դրանց մեր կողմից անհամարժեք պատասխան տալու խնդիրը։ Մասնավորապես, այս խնդրի կապակցությամբ հարցադրումներով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը։
Վերջինս նույնիսկ վերստին պնդեց Հայաստանի ԱԺ-ի մակարդակով ԼՂՀ մասին հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունը։
«Եթե միայն հայտարարություններով հնարավոր լիներ նման բաները կանխել (ԼՂՀ հակամարտության վերաբերյալ միջազգային կառույցներում ադրբեջանական լոբբիի հետևանքով ստեղծվող հակահայկական զեկույցները), կարելի էր օրական երկու անգամ հայտարարություն անել, բայց հասկանում ենք, որ դա գործընթաց է, որը Ադրբեջանը շարունակելու է` անկախ նրանից մենք հայտարարություն կընդունե՞նք, թե չէ»,– արձագանքեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք, որ գրեթե յուրաքանչյուր քառօրյայի մեկնարկին ՀՅԴ խմբակցության կողմից սա հայտարարվում է անհետաձգելի, առաջարկվում է քննարկել և ընդունել այն, սակայն խորհրդարանական մեծամասնությունն մերժում է:
«Եթե հակամարտության էությունը նենգափոխելու ադրբեջանական քարոզչության դեմը չենք առնում պետական մակարդակով, մենք նպաստելու ենք, որ այդ գործընթացն անընդհատ մեր «դռան դեմը չոքի» և իրականացվեն քայլեր, որոնց հետևից հետո ստիպված ենք գնալու և հակադարձելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հիշեցնելով, որ հիմա էլ ադրբեջանական լոբբիի ջանքերով նման գործընթաց սկսվել է Գերմանիայի Բունդեսթագում, ինչի կապակցությամբ Աժ խմբակցությունները ստիպված եղան նամակով դիմել Բունդեսթագին, որ այս երկրի օրենսդիր մարմինն էլ չճանաչի Ադրբեջանի հայտնի թեզը: Հիշեցնենք, որ ըստ այդ թեզի Հայաստանն, իբր, «օկուպացրել է Ադրբեջանի տարածքների քսան տոկոսը»:
«Եվ եթե Բունդեսաթագում քննարկումներ են անցկացվում, նրանց հետ պետք է խոսել ԱԺ մակարդակով»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Սակայն ԱԺ նախագահը կրկնեց, որ հայտարարությունները նոր բան չունեն տալու այս հարցում, չնայած հայտարարության բուն տեքստը «բոլորիս խղճին է և համազմունքին»: Այնպես որ, Աժ նախագահը խորհրդարանական ընդդիմությունից այլ` գործնական քայլեր է ակնկալում:
Այս տեսակետը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը բացարձակապես չի կիսում, այլապես, ասաց, որ Սահմանադրության մեջ նման լիազորություններ ԱԺ-ին չէին վերապահվի:
«Ու եթե այդպես է, ինչու ենք առհասարակ նամակ գրել։ Եթե ԱԺ հայտարարությունը նշանակություն չունի, բա էս նամակն ի՞նչ նշանակություն ունի».-հարցրեց Արմեն Ռուստամյանը:
Սամվել Նիկոյանը հասկանելով և կիսելով այս մտահագությունը կրկին ավելացրեց. «Եթե կարծում եք` հայտարարություն ենք անելու և աշխարհի ամբողջ պառլամենտները կամ շահագրգիռ ուժերը դնելու են և վերցնելու են իրենց առջև, ապա սխալվում եք»: Իսկ նամակը, ըստ նրա, ուրիշ է, քանի որ ունի հասցեատեր:
Ի պաատասխան, դաշնակցական պատգամավորը պնդեց, որ նման հայտարարությունների տեքստերը լավ հիմք կարող են դառնալ հայկական լոբբինգի համար: Հասարակական կազմակրեպություններ, հայ դատի գրասենյակներ. Ըստ Արմեն Ռուստամյանի` նրանք բոլորը սպասում են նման հայտարարությունների:









