Ռուսաստանը Սիրիայում ռադար է արդիականացրել
Ռուսաստանն արդիականացրել է Սիրիայի Ջաբալ ալ Աքրա լեռան ստորոտին տեղակայված ռադարը, ինչպես նաև Լիբանանի Սանին լեռան վրա գտնվող սիրիական ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ):
Ինչպես հաղորդում է իսրայելական DEBKAfile-ը` վկայակոչելով ԱՄՆ զինվորական ղեկավարության աղբյուրների, այս քայլով Ռուսաստանին հնարավորություն է ընձեռվել Իրանին, Սիրիային ու լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանն առավել օպերատիվ նախազգուշացնել ԱՄՆ-ի ու Իսրայելի հնարավոր հարձակումների մասին:
Մինչ արդիականացումը, ռադիոտեղորոշիչ կայանի տեսանելիության գոտին ծածկում էր Իսրայելի հյուսիսային հատվածը, ներառյալ` Թել Ավիվը, Հորդանանի հյուսիսը, և Իրաքի արևմտյան հատվածը: Արդիականացումից հետո, ռուսական ռադարը սկսել է «տեսնել» Իսրայելի ու Հորդանանի ողջ տարածքը, Սաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածն ու Աքաբայի նեղուցը:
Լիբանանում ռուսական սարքավորումներով համալրված ՌՏԿ-ի շնորհիվ Ռուսաստանը կարող է հետևել Միջերկրական ծովի արևելքում ամերիկյան ու իսրայելական նավերի ու ինքնաթիռների տեղաշարժին:
DEBKAfile-ի համաձայն` ռուսական ՌՏԿ-ի արդիականացումը կատարվում է Իրանի ու Իսրայելի միջև լարվածության, ինչպես նաև Սիրիայում շարունակվող զինված բախումների (կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև) ֆոնին: Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձևի վրա վետո էր դրել, որն, ամենից զատ, պահանջում էր նաև Ասադի հրաժարականը:









