Ադբեջանցիերի կողմից հայկական կայքեր կոտրելու ավանդույթը պայմանավորված է սեզոնայնությամբ. փորձագետ
«Ադրբեջանցիների կողմից հայկական կայքեր կոտրելու ավանդույթը պայմանավորված է սեզոնայնությամբ և ամեն տարի այս շրջանում՝ կապված Խոջալուի իրադարձությունների հետ, կայքերի վրա հարձակումները հաճախակի են դառնում»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցիների կողմից հայկական կայքերի վրա հարձակումներին։
Նշենք, որ երեկ ադրբեջանցիների կողմից կրկին կոտրվել են մի շարք կայքեր՝ այս անգամ կոնկրետ Լեռնային Ղարաբաղին վերաբերող։ Վերջիններս մասնավորապես կոտրել են ԼՂ արտգործնախարարության, կառավարության և այլ կայքեր։
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ որպես կանոն, ադրբեջանցիները հայկական կայքերի վրա հարձակվելիս երկու խնդիր են դնում՝ կամ կոտրում են մեծ թվով կայքեր, կամ կոտրում են կարևոր կայքեր։ Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին օրերի հարձակումները վկայում են, որ այս դեպքում երկու մոտեցումն էլ գործել է։
«Երբ Հայաստանի պետական գերատեսչությունների կայքերն անցան Ազգային անվտանգության ծառայության պաշտպանության տակ, դրա շնորհիվ դադարեցին նման երևույթները պետական կայքերի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեպքում էլ թերևս, լուծումը, տրամաբանորեն, պետք է լինի այդպիսին, այսինքն՝ նրանք էլ պետք է անցնեն ԱԱԾ պաշտպանության տակ»,– նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը։









