Երևանցի «սատանիստը» դաստիարակվել է նորմալ հայկական ընտանիքում

16:25 • 27.02.12

Բայանդուր Պողոսյանը, ով հայտնի է իր սատանիստական հայացքներով և վերջերս հացադուլ էր հայտարարել Մաշտոցի պուրակում ընթացող շինարարությունը կասեցնելու պահանջով, սովորական հայկական ընտանիքում է մեծացել։
«Դաստիրակվել եմ նորմալ հայկական լիարժեք ընտանիքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Բայանդուր Պողոսյանը, ով անկախ լրագրող է:

«Ընտանիքիս անդամների մեջ կան թե՛ քրիստոնյաներ, թե՛ աթեիստներ: Սկզբում ինձ չէին ընդունում, որ ես ունեմ նման գաղափարներ, սակայն ժամանակի ընթացքում ըմբռնումով մոտեցանք մեկս-մեկին»,- ասաց նա։
Բայանդուր Պողոսյանը բարձրագույն կրթություն չունի. չի կարողացել ավարտել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

Ի տարբերություն Եհովայի վկաների, «սատանիստական» գաղափարների ջատագովը չի խուսափել ՀՀ Զինված Ուժերում ծառայելուց։

«Զենք բռնելը իմ գաղափարներին դեմ չէ։ Ես լավ գիտակցում եմ, որ եթե ես չգնամ զենք չբռնեմ, ոչ ոք ինձ չի պաշտպանի»,- ասաց Բայանդուր Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ ինքը ոչ մի գաղափարակցի հետ չի հանդիպում և անգամ չի էլ իմանում կան Հայաստանում արդյոք նման մարդիկ, թե ոչ:

Բայանդուր Պողոսյանն ունի նաև ընկերուհի՝ Տիգրանուհին Մարգարյանը, ում հետ ցանկություն ունի կապել կյանքը: Տիգրանուհին Մարգարյանն իր հերթին նշեց, որ լինում են դեպքեր, երբ գաղափարական տարաձայնություններ են ունենում, սակայն սերն ավելի մեծ է:

Այդուամենայնիվ, Տիգրանուհին ասում է, որ ինքը սովորական հայի նման այցելում է եկեղեցի և հավատում Աստծուն: