Սաակաշվիլին անձամբ է պատասխանատու վրացի զինվորների մահվան համար. Շևարդնաձե

12:58 • 27.02.12

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Աֆղանստանում վրացի զինվորների մահվան (15 զինվոր) ամբողջ պատասխանատվությունը դրել է գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա:

Ինչպես հաղորդում է vz.ru-ն, թբիլիսյան «Ասավալ- դասավալի» թերթին տված հարցազրույցում Շևարդնաձեն ասել է, որ «յուրաքանչյուր զոհված զինվորի համար պատասխանատու է Սաակաշվիլին, ում որոշմամբ է ՆԱՏՕ-ի առաքելության կազմում վրացական զորակազմն ուղարկվել Աֆղանստան»: «Այս որոշումը դրականորեն չի անդրադառնա Սաակաշվիլիի վրա»,- ասել է նախկին նախագահը:

Նրա խոսքով, եթե նման կերպ գործող նախագահը հույս ունի ընդգրկվել ՆԱՏՕ-Ի կազմում, ապա «նա լավ գիտի, որ միայն ամերիկացիների աջակցությունը բավարար չէ»:

«Այնպես, որ Վրաստանի կրած կորուստներն Աֆղանստանում չեն ծառայում երկրի ապագային», - հավելել է Շևարդնաձեն:

Աֆղանստանում ներկայում գտնվում է 925 վրացի զինվոր: Այս տարի նրանց թիվը կավելացվի` հասցվելով 1.675-ի: