Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ. Տարոն Մարգարյան
Այսօր Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործընթացն ակտիվացել է և նախապատրաստական աշխատանքներ են տարվում հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանձնարարվել է նաև մարտի 1-ից շարունակել մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները:
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար: Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ: Անթույլատրելի են նաև ապօրինի էտումներն ու այլ միջամտությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել բնապահպանության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին առավել հետևողական լինել:
Անդրադառնալով «Հին Երևան» ծրագրին և առանձնացնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:
«Պետք է քայլեր ձեռնարկենք և հնարավորին կարճ ժամկետում իրականություն դարձնենք այս գեղեցիկ նախագիծը, ինչի արդյունքում թե երևանցիների և թե մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքի կենտրոնում կունենանք ինչպես զբոսաշրջային, այնպես էլ պատմական ու գեղագիտական ինքնատիպ մի միջավայր»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով, որ գարնանը մայրաքաղաքում նկատվում է գյուղատնտեսական մթերքների առևտրի աշխուժացում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել փոքրածավալ գյուղմթերքի նոր շուկաների կառուցման վայրերի վերաբերյալ: Նշվել է, որ ներկայում Երևանում գործող գյուղմթերքի փոքրածավալ շուկաներին նախորդ շաբաթ ավելացան ևս 2-ով` Ավան և Շենգավիթ վարչական շրջաններում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել նախատեսվող միջոցառումների համալիր ծրագիրը և նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:









