Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սանմաքրման ձեռնարկություններին հանձնարարել է շուրջօրյա և հետևողական աշխատանքներ իրականացնել փողոցները ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագորված ավազից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաև հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպելու կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակյնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից։
«Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել: Ամեն դեպքում ճանապարհներին անհարմարություններն ակնհայտ են: Չնայած ներկայում տարվող աշխատանքները ժամանակավոր բնույթ են կրում, սակայն եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ասֆալտապատման ծրագրերի շրջանակում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ընդգծել է, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում շահած այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի անհրաժեշտ որակ, ասֆալտի վերականգնման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներով:
«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գարնանային հեղեղումներից խուսափելու նպատակով կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր և ժամանակացույց: Զեկուցվել է նաև, որ պատրաստ է ոռոգման ջրանցքների և ջրատարների մաքրման գարնանային աշխատանքների ծրագիր, որը կմեկնարկի մարտի 1-ից:









