Թբիլիսիում բացվել է Գեորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը

11:32 • 27.02.12

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 24-ին բացվել է վիրահայ նկարիչ Գեորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, ցուցահանդեսին (բացվել է Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբեկյանի անվան ցուցահանդեսների դահլիճում) 70 աշխատանք է ներկայացված, որոնք «խոսում են» նկարչի ստեղածագործական ուղու տարբեր փուլերի մասին` գրաֆիկա և գեղանկարչություն, բնանկար, նատյուրմորտ (անկենդան բնության առարկաների խմբանկար), դիմանկարներ:

Ցուցահանդեսը բացել է «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Բացմանը ներկա են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Վրաստանի նախագահի` փոքրամասնությունների հարցով խորհրդական Վան Բեյբուրթը, պոետ, թարգմանիչ Գիվի Վեպխվաձեն և այլք:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մինչև մարտի 2-ը:

Կայքն ընդգծում է, որ բացման արարողությանը բոլոր մասնակիցնեն ընդգծել են նկարչի գրաֆիկական աշխատանքների բարձր որակը և բնանկարների ինքնատիպությունը:

Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն օրհնել է Մանոյանին, նրան Թբիլիսիի հայ հոգևոր արժեքների տարեգիր անվանել, ընդգծել նրա նվիրվածությունն իր ժողովրդին, ընկերներին և ընտանիքին: