Այսօր հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 152–րդ տարեդարձն է

11:23 • 27.02.12

«Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը, անթիվ օրնամենտների հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը»,- հայ անվանի նկարին Վարդգես Սուրենյանցի ստեղծագործություններն այսպես է բնութագրել անվանի քննադատ Վ. Ստասովը։

Այսօր լրանում է նկարչի 152–ամյակը։ Հայ կերպարվեստի պատմության մեջ նա համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։Գեղանկարիչ, գիրք նկարազարդող, թատերական նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ՝ այդպիսին էր Վարդգես Սուրենյանցը, այդ բազմաշնորհ արվեստագետը, որի թողած հարուստ ժառանգությունը նոր ավանդ է հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860թ-ի փետրվարի 27-ին, Ախալցխայում՝ հոգևորականի ընտանիքում։ 1867-ին ընտանիքի հետ տեղափոխվում է Սիմֆերոպոլ, իսկ 1872-ին՝ Մոսկվա: Սովորել է Լազարյան ճեմարանում, ուր աշակերտել է Սմբատ Շահազիզին, ապա՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում: Կրթությունը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ գեղանկարչության բաժիններում, ուսանել Ֆրից Կաուլբախի եւ Օտտո Զեյցի մոտ: Նրա գործերը ցուցադրվել են Պետերբուրգում, Մոսկվայում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Թբիլիսիում եւ այլ քաղաքներում:

Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա Հաջա Շամս ադ-Դին Մուհամմեդ Հաֆեզի և Օմար Խայամի գործերից էր արտասանում պարսկերեն, ընդ որում՝ պարսկերեն։ Նա նաև անգլերենից թարգմանում, իտալերեներով զեկուցումներ էր կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի այն ժամանակվա Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան` Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի անփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։

Իր կտավներում նա ցույց է տվել մեր ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա հավերժական անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։

Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։

Պարսկաստան մեկնող գիտարշավի մասնակցության տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմային նվիրված կտավներից ուշագրավ են Ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», պոեմը, «Սալոմե» գեղանկարները։

Սուրենյանցը նաև նկարել է նաև բնանկարները, դիմանկաները։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, Օսկար Ուալդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։
Վարդգես Սուրենյանցը մահացել է 1921թ. ապրիլի 6-ին Յալտայում։