Իսրայելը ոչնչացրել է Իրանի ողջ վերգետնյա միջուկային ենթակառուցվածքները. WikiLeaks

16:02 • 27.02.12

Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ վերգետնյա միջուկային ենթակառույցը: Այս մասին ասվում է Wikileaks կայքի հրապարակած` ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության էլեկտրոնային նամակում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Wikileaks-ն այսօր սկսել է ամերիկյան հետախուզական վերլուծական ընկերության ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների հրապարակումը: Wikileaks -ում կհրապարակվեն ավելի քան 5 մլն նամակներ` գրված 2004թ. հուլիսից 2011թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Նամակում (թվագրված է 2011թ. նոյեմբերի 7-ին) մեջբերված են իսրայելական հետախուզական ծառայության աշխատակցի խոսքերը, ով մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, թե Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:

«Կարծում եմ` սա ուշադրությունը շեղող մանևր է: Իսրայելը ոչնչացրել է իրանական վերգետնյա միջուկային օբյեկտների ողջ ենթակառուցվածքը շաբաթներ առաջ», - ասվում է նամակում:

Իսրայելցի աղբյուրը կարծում է նաև, որ Իրանի հետ հակամարտությունը եվրոպական երկրների դավադրության մի մասն է:
«Ներկայիս «Եկեք հարձակվենք Իրանի վրա» կարգախոսով քարոզարշավը եվրոպացի առաջնորդների կողմից է արված` նպատակ ունենալով շեղել հասարակության ուշադրությունը ներքին ֆինանսական խնդիրներից», - ասվում է հաղորդագրությունում:

Stratfor ընկերության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ գողացված նամակներից մի քանիսը կարող են փոփոխվել կամ կեղծվել, իսկ որոշները` հրապարակվել առանց փոփոխությունների:

Stratfor մասնավոր ընկերությունը, որը «ստվերային ԿՀՎ» է համարվում, զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքմամբ ու վելուծությամբ: