Air China ավիափոխադրող ընկերությունը Airbus-ից 100 ինքնաթիռներ կգնի 8.9 մլրդ դոլարով
Air China չինական ավիաընկերությունը Airbus եվրոպական ավիաարտադրող ընկերությունից 8.9 մլրդ դոլարով ձեռք է բերում 100 ինքնաթիռներ՝ հզորացնելու երկրի ավիացիան, գրում է rbc.ru-ն:
Ընկերությունը համաձայնագիր է կնքել 5.37մլրդ դոլարով A320 սերիայի 60 ինքնաթիռներ ձեռք բերելու մասին, որոնք կմատակարարվեն 2014-2020 թվականների ընթացքում: Միաժամանակ ընկերության Shenzhen Airlines ստորաբաժանումը պայմանավորվել է նույն սերիայի 40 մարդատար ինքնաթիռներ 3.484 մլրդ դոլարով ձեռք բերելու մասին: Shenzhen Airlines ընկերությունը դրանք կստանա 2016-2020 թվականների ընթացքում, ինչպես նշվում է Air China ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
A320 սերիայի ինքնաթիռները համարվում են աշխարհում ամենալայն վաճառք ունեցողները:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Air China-ն համաձայնություն էր կնքել Boeing մակնիշի 31 ինքնաթիռներ ձեռք բերելու մասին:
Air China ընկերությունը աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է: Ընկերության երթուղիները տարածվում են մայրցամաքի տարբեր ուղղություններով: Այն իրականացնում է նաև երկարաժամկետ թռիչքներ դեպի ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքներ:










