Գերմանացիները վախենում են էլեկտրամոբիլներից. BMW ընկերության ղեկավար

17:00 • 24.05.13

BMW ավտոկոնցեռնի ղեկավար Նորբերտ Ռայթհոֆերը դժգոհել է, որ Գերմանիայի բնակիչները չափազանց թերահավատորեն են վերաբերվում էլեկտրական մեքենաներին, գրում է Russia Today-ը։ Միևնույն ժամանակ ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել իր առաջին i3 էլեկտրամոբիլը։

 

Մյունխենում ընկերության ղեկավարության ամենամյա հանդիպման ժամանակ Ռայթհոֆերը պատմել է, որ BMW-ի նորույթը կլինի «խոստումնալից»։ Սակայն նա դժգոհել է գերմանացի սպառողների պահպանողականությունից։

 

«Ամեն անգամ, երբ երկրում հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում, մարդկանց մոտ վախ է առաջանում, և նրանք անընդհատ խոսում են դրա մասին։ Մեր անհանգստությունը՝ ահա, թե ինչն է արտասահմանցիների աչքը ծակում։ Մենք՝ գերմանացիներս, հաճախ վախենում ենք, քան մտածում հնարավորությունների մասին։ Նույնն էլ վերաբերվում է մեքենաներին»,- ասել է նա։

 

i3 մեքենայի առաջին օրինակներն արդեն արտադրվում են Լայպցիգում։ Ընկերությունը չի նշում մեքենայի վաճառքի ստույգ ամսաթիվը, սակայն ԶԼՄ-ները սպասում են, որ այն տեղի կունենա ամռանը։ Փորձագետները նշում են, որ i3-ի գինը կկազմի մոտ 53 հազ. դոլար։