Քյոլնում մոտ կես միլիոն եվրոյով վաճառվել է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը

20:24 • 25.05.13

Գերմանական Քյոլն քաղաքում կայացած աճուրդի ժամանակ ռեկորդային գումարով` 516.461 եվրոյով, վաճառվել է ամերիկյան Apple ընկերության առաջին արտադրանքներից մեկը՝ «Apple-1»-ը: Քյոլնի «Բրեքեր» աճուրդային տան ներկայացուցիչը հայտնել է, որ գնորդը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

 

Խոսքն Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի անձնական օգտագործման համար նախատեսված համակարգչի մասին է, որն առաջին անգամ ցուցադրվել է 1976 թվականի ապրիլին: «Apple-1»-ի գինը 666,66 դոլար էր: Ընդհանուր առմամբ պատրաստվել է մոտ 200 նմանօրինակ սարք, որոնցից մնացել է միայն 6 աշխատող օրինակ:

 

Սկզբում «Apple-1»-ն իրենից ներկայացնում էր միայն ամբողջական ծրագրային պլատա: Ի տարբերություն այն սիրողական համակարգիչների, որոնք վաճառվում էին չհավաքված վիճակում, «Apple-1»-ը վաճառվում էր հավաքված պլատայի վրա, որը պարունակում էր մոտ 30 միկրոսխեմա, ինչի համար շատերն այն համարում են առաջին անձնական համակարգիչը: Քյոլնում վաճառված «Apple-1»-ի վրա առկա է Վոզնյակի ստորագրությունը:

 

Անցյալ տարվա աշնանը նման սարքը Քյոլնում աճուրդի ժամանակ վաճառվել էր 490,00 եվրոյով:
 

Քյոլնում մոտ կես միլիոն եվրոյով վաճառվել է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը