Հնարամիտ չինացին իր համար տնայնագործ պրոթեզներ է պատրաստել (տեսանյութ)
Չինաստանի բնակիչ Սուն Ցզիֆան 9 տարի առաջ կենցաղային միջադեպի զոհ դառնալով զրկվել է իր երկու ձեռքերից: Սակայն հնարամիտ չինացին կարողացել է անձնական ողբերգությունը վերածել շահութաբեր բիզնեսի՝ իր համար ինքնագործ պրոթեզներ ստեղծելով, գրում է Russia Today-ը՝ New Tang Dynasty Television-ին հղումով:
Չկարողանալով ձեռք բերել թանկարժեք պրոթեզներ՝ գյուղացին իր համար ինքնագործ պրոթեզներ է պատրաստել: Աշխատանքները տևել են 8 տարի, բայց արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները:
Իր նոր ձեռքերի օգնությամբ Սունը կարողանում է աշխատել իր ագարակում: Ձախ ձեռքի պրոթեզը դաստակի բնական շարժման իմպուլսներն ուղարկում է արհեստական մատներին՝ թույլ տալով իրեր բռնել և տեղաշարժել: Իսկ աջ ձեռքը կարողանում է բացվել և փակվել, երբ տղամարդը շարժում է երկու մնացած ոսկորները:
Չինացու հայտնագործությունը նրան հայտնի է դարձրել: Այժմ նա արհեստական պրոթեզներ է պատրաստում նաև այլ մարդկանց համար, ովքեր դիմում են իրեն: Նա արդեն պատրաստել է շուրջ հազար արհեստական ձեռքեր՝ յուրաքանչյուրը վաճառելով 500 դոլարով, որը 10 անգամ ավելի մատչելի է, քան հիվանդանոցում առաջարկվողները:










