Մայիսի 26-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում
Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը:
Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին, Վեներան և Յուպիտերը: Մայիսի 26-ի արևամուտը կլինի առանձնահատուկ. մոտ 2.5 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակները` Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Մերկուրին: Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով:
Այս միացումը հատկապես դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները և նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է: Դիտման լավագույն պայմանները կլինեն արևամուտից հետո 30-60 րոպեի ընթացքում:
Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր, քանի որ մոլորակներն աստիճանաբար են մոտենում և հեռանում: Ավելին, մայիսի 28-ին Վեներան և Յուպիտերը կդասավորվեն իրար ամենամոտ դիրքերում` 1 աստիճան հեռավորության վրա:
Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:
Վերջին անգամ նման եռակի միացում դիտվել է 2011թ-ի կրկին մայիսին, իսկ հաջորդը կդիտվի՝ 13 տարի հետո: Հետաքրքրական է, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի այս տարվա եռակի միացումը կկրկնվի 43 տարի անց՝ 2056թ. փետրվարի 27-ին:










