Սոչիում Սերժ Սարգսյանի դիրքերն ամուր էին. կարծիքներ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

19:45 • 11.08.14

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Սոչիում Պուտին-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի դիրքերը ամուր էին, ոչ միայն տարվող քաղաքականության, այլ ավելի շատ մեր բանակի շնորհիվ։ Քաղաքագետը նկատեց, որ խաղաղության կողմնակից լինելու վերաբերյալ հակամարտության երկու կողմերը ընդհանրապես չեն խոսել, այլ Ռուսաստանի նախագահն է այդպես մեկնաբանել։


«Ես այստեղ Իլհամ Ալիևի բառերում չեմ տեսնում ազնիվ, անկեղծ խաղաղության ձգտում։ Այստեղ կա սպառնալիք Ալիևի կողմից և կա լուրջ տղամարդկային պատասխան Սերժ Սարգսյանի կողմից։ Խաղաղության մասին բառերը դուրս են մնում կոնտեքստից։ Համոզված եմ, որ այս հանդիպման սկզբում մեր դիրքերն ավելի ամուր են եղել և ավելի են ամրանում»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը։


Քաղաքագետը հայտնեց, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահն անընդհատ կրկնում է, թե Հայաստանը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի անվտանգության ընդունած չորս բանաձևերը, սակայն այդ մասին ասում է այնպիսի պայմաններում, երբ գիտի պատասխանող կողմ չկա։


«Ինձ թվում է այս անգամ այդ ակնհայտ սուտը ինքն ասաց այն պայմաններում, երբ վստահ էր, որ Հայաստանի Նախագահը չի ցանկանա լեզվակռվի մեջ մտնել Ռուսաստանի Նախագահի ներկայությամբ։ Սակայն Սերժ Սարգսյանի պատասխանը, որը հնչեց ընդամենը մի քանի վայրկյան անց, իսկապես փայլուն պատասխան էր՝ հռետորական հարց ուղղելով Ալիևին։ Իսկապես Հայաստանը միակ պետությունն է, որ այդ բանաձևերի պահանջն ընդունել է, որովհետև այդ բանաձևերում նշված է, որ ՀՀ-ն միակն է որպես պետություն, որն ունիկալ ազդեցություն ունի Արցախի Հանրապետության վրա»,- ասաց քաղաքագետը։
Նա վստահություն հայտնեց, որ այս հանդիպումը շարունակական է լինելու, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում երկար ժամանակ կորցնել, և այդ հանդիպումների գործընթացն արագացվելու է։


«Ռուսաստանին այս ժամանակաշրջանին ամենևին ձեռնտու չէ, որ տարածաշրջանում ևս մեկ պատերազմ լինի, մանավանդ, որ ինքը ստիպված է լինելու միջամտել այդ պատերազմին։ Ռուսաստանը իսկապես փորձելու է անել ամեն ինչ, որ վերջին օրերի կոնֆլիկտները, բախումները, կրակոցները չաճեն և պատերազմ չդառնան։ Ակնհայտ Ռուսաստանն ասում է, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ամերիկայից և Ֆրանսիայից ավելի մեծ հնարավորություններ, ազդեցություն ունի, ինչը օգտագործելու է խաղաղություն պահպանելու համար»,- ասաց քաղաքագետը։


ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հույս հայտնեց, որ այս հանդիպման արդյունքում սահմանի լարվածությունը կթուլանա։ Ըստ նրա՝ Ալիևը փակուղում է հայտնվել, որովհետև իր ժողովրդի առաջ ամպագոռգոռ հայտարարություններով է հանդես եկել։ «Ադրբեջանական բանակը պատրաստ չէ մարտական գործողություններ կատարել»,-ասաց նա։


Ըստ պատգամավորի՝ հանդիպմանը մեր Նախագահը բավականին վստահ և հաղթողի դիրքերից կարողացավ ներկայացնել մեր տեսակետը և պահանջները։ «Յուրաքանչյուր հայորդու կորուստ մեզ համար շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանության համար ոչ մի նշանակություն չունի, թե քանի զոհ կտան։ Մենք ընդամենը երեկ ենք վերադարձել Արցախից, առաջին գծում էինք գտնվում և մեր զինվորների տրամադրությունն այնքան բարձր ու ոգևորող էր, որ կարծում եմ սա նույնպես բանակցություններում ազդակ կհանդիսանա»,- ասաց Հովհաննես Սահակյանը։


Դիտարկմանը, թե մեր Նախագահը խոսում է նաև փոխզիջումից, և գտնում է, որ հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի առաջարկած սկզբունքների հիման վրա, այնինչ Արցախից վերջերս շատ է ասվում, որ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.«Մենք ասել ենք, որ առնվազն երեք սկզբունք պետք է պահպանվի մեզ համար. պատերազմական իրավիճակը պետք է վերանա, մենք պետք է Արցախի հետ ունենանք մեր բնական սահմանը, և Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան»։

Հովհաննես Սահակյանը նշեց, որ որևէ հակամարտություն առանց փոխզիջումների չի լուծվում։ «Ադրբեջանը դա չի կարողանում հասկանալ, ընկալել և Ադրբեջանի նախագահը չի կարողանում իր ժողովրդին ներկայացնել այդ փոխզիջումների պատկերը, քանի որ ցանկացած խոսքով իր ժողովրդին ագրեսիայի է տրամադրել»,- ասաց նա և ավելացրեց, որ երբ Ադրբեջանը պատրաստ կլինի խոսել փոխզիջումներից, այն ժամանակ է կանդրադառնան փոխզիջումների բովանդակությանը։


Ինչ վերաբերում է հարցին, թե Մինսկի խմբում գերիշխող դեր է փորձում ստանձնել Ռուսաստանը, մեր զրուցակիցը նշեց. «ԼՂ հակամարտության լուծումը գտնվում է Մինսկի խմբի ձևաչափում։ Ռուսաստանը եռանախագահող երկրներից մեկն է հանդիսանում։ Հանդիպումներ եղել են նաև ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ մինսկի խմբի մյուս երկու երկրներն էլ ակտիվ գործունեություն ցուցաբերեն, կազմակերպեն հանդիպումներ։ Մի բանում հաստատ վստահ եմ, որ լարվածությունը հանդիպումների ընթացքում կթուլանա»։


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Սոչիում Հայաստանը բավականին կոշտ դիրքերից միայն մեկ հարց պետք է քննարկեր, և դա հրադադարի ռեժիմի խախտման փաստն էր։


«Հայաստանը պետք հստակ դներ այն խնդիրը, որ այն հրադադարը, որը կնքվել է Ադրբեջանի խնդրանքով և Ռուսաստանի միջնորդությամբ, ինչու է այժմ խախտվում նույն Ադրբեջանի կողմից և այն Ռուսաստանի աչքի առաջ, որը փաստացի մաս է այդ հրադադարի համաձայնագրի»,- ասաց նա։


Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Սերժ Սարգսյանը չպետք է ընդհանրապես անդրադառնար խնդրի կարգավորմանը։ «Հայաստանը չէր կարող այնտեղ խնդրի կարգավորման մասին խոսեր երկու պատճառով, նախ, որ հակամարտության մյուս կողմն իրեն բացարձակապես սանձարձակ է պահում և արժանի չէ կարգավորման որևէ հարց քննարկել։ Ադրբեջանի պահվածքը անարժան չի դարձնում նրա նախագահին նման հարցեր քննարկել, այլապես ստացվում է, որ Հայաստանը տրվում է ադրբեջանական շանտաժներին, որն արտահայտվում է չհայտարարված պատերազմ սկսելով։ Երկրորդ՝ Հայաստանը չպետք է նպաստեր կարգավորման մասին խոսել մի ֆորմատում, որտեղ մյուս համանախագահողները չկան»,- ասաց նա։


Վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանը խնդիր ունի հրադադարի ռեժիմի խախտման առումով և փորձ է արել ՄԱԿ անվտանգության խորհրդի չորս բանաձևերով օրակարգ թելադրել։


«Ի սկզբանե Հայաստանը պետք է հասկանար, որ այս հանդիպումը կայանում է հենց Ռուսաստանի նախագահի ներքո և մեկ հարց կար քննարկելու, թե Ռուսաստանը որպես միջնորդ որքանով է կարողանում կատարել իր հանձնառությունը և ինչու է խախտվել հրադադարի ռեժիմը»,- հավելեց նա։