Խորխեն չի փոխվի, նա կլինի այնպիսին, ինչպիսին կա. Հռոմի պապն իր մասին

11:44 • 22.12.14

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին, որում պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում են եկեղեցու կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ինչպես նաև Պապի անձնական կյանքին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այն հարցին, թե ինչ է նշանակում իր համար լինել Հռոմի պապ, Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ընտրվելուց հետո ինքն իրեն ասել է՝ «Խորխեն (իրական անունը՝ Խորխե Մարիո Բերգոլյո- Tert.am) չի փոխվի, նա կլինի այնպիսին, ինչպիսին կա, քանի որ փոփոխություններն այդ տարիքում ծիծաղելի են»։ Իր առողջության մասին Պապը հայտնել է, որ որոշակի թուլություն ունենում է, որը զգացվում է իր տարիքում, սակայն ինքն Աստծո ձեռքում է և մինչև հիմա կարողանում է պահպանել աշխատանքի լավ տեմպը։

 

Խոսելով ընտանիքի թեմայի վերաբերյալ Սինոդի մասին՝ Հռոմի պապը նշել է, որ այդ ժողովը «խորհրդարան» չէ, այլ բաց տարածք, որը պահպանում է Սուրբ Հոգին։ Այդ պատճառով էլ սխալ է կարծել, որ Սինոդի հայրերը բաժանվել են 2 հակառակ ճամբարի։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ ընտանիքն այժմ մեծ դժվարություններ է կրում, և շատերի համար «ամուսնությունը դարձել է սոցիալական փաստ», ինչը կասկածի տակ է դնում նրա գիտակցված և հավատով կնքելու փաստը։

 

Նույնասեռ միությունների հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին կասկածների վերաբերյալ Ֆրանցիսկոս պապը բացատրել է, որ «Սինոդում ոչ ոք չի խոսել միասեռ ամուսնությունների մասին»։ Քննարկվել են իրավիճակներն այն ընտանիքներում, որտեղ երեխաներից մեկն ունի միասեռական կողմնորոշում, ինչպես նաև դրա հետ կապված հարցեր։

 

Ապագա այցերի մասին Հռոմի պապն ասել է, որ հնարավոր է՝ ինքը 2016-ին մեկնի Արգենտինա, իսկ 2015-ին նախատեսված է այցելություն 3 այլ պետություններ։ Իր հայրենիքի մասին պոնտիֆիկոսը նշել է, որ «ընտրությունների պատճառով չի ընդունի արգենտինացի քաղաքական գործիչների՝ այդ երկրի ներքին գործերին չխառնվելու համար»։